«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով, որի մասնակիցները հայազգի արտիստներ են աշխարհի տարբեր մայր ցամաքներից: Ներկայացվելու է «Don’t deny» երգը:
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշում է, որ երգը անցել է ներքին ընտրության փուլ. «Մենք համագործակցել ենք բազմաթիվ հայ կոմպոզիտորների և խոսքերի հեղինակների հետ: Ինձ հատկապես այս տարի ուրախացրեց այն հանգամանքը, որ նախորդ տարվա մեր եվրատեսիլյան հաջողությունից հետո ոգևորություն կար և մեծ ցանկություն ստեղծելու հաղթական մի երգ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ընտրությունը կանգ առավ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի և խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքի վրա: Սա այն երգն էր, որն ամենից շատ էր համահունչ 6 երգիչների, «Եվրատեսիլի» ֆորմատի և ցանկալի տրամադրության համար»:
Որոշվել է երգը և տեսահոլովակը միաժամանակ մատուցել հանդիսատեսին: Մասնակիցները կարճ ժամանակով այցելել են Հայաստան, ձայնագրել երգը, նկարահանվել տեսահոլովակում, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը:
Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12-ին Առաջին ալիքի երեկոյան եթերում` ժամը 21:30-ին, Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, ինչպես նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական www.eurovision.tv կայքում: